Մինչեւ տարեվերջ սահմանը չի բացվի

Երեւան – ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքերով` ԱՄՆ նախագահի` Թուրքիա կատարած այցելությունից հետո Ադրբեջանի վարած քաղաքականությունը ստիպում է Թուրքիային վերադառնալ 1993 թվականից ի վեր ստեղծված իրավիճակին:

Ապրիլի 13-ին «Ուրբաթ» ակումբում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` ՀՅԴ գործիչը նշեց, որ վերջին շաբաթներին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունները կարող են փակուղի մտցնել Հայաստան-Թուրքիա բանակցությունները, որովհետեւ ինչպես ՀՀ նախագահն է հայտարարել, Հայաստանը պատրաստ է բանակցությունների առանց որեւէ նախապայմանի: Իսկ Թուրքիան արդեն սկսել է խոսել նախապայմաններով եւ նրան այդպես ստիպում խոսել Ադրբեջանը` իր հերթին Թուրքիայի առջեւ պահանջներ դնելով: Այս ամենից ելնելով` Կիրո Մանոյանը կարծում է, որ մինչեւ տարեվերջ կողմերը հնարավոր է դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին պայմանագիր չկնքեն եւ սահմանը բացելու համաձայնության չգան:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից` Կիրո Մանոյանը նշեց, որ համոզված է` Բարաք Օբաման ապրիլի 24-ին կկատարի իր խոստումը, քանի որ չկատարելը կարող է ընդհանրապես հիասթափություն առաջացնել Օբամայի նկատմամբ, որովհետեւ նա ընտրվել է որպես փոփոխությունների նախագահ, եւ նրանից ամբողջ աշխարհը սպասելիքներ ունի: Ցեղասպանության ճանաչումը կարող է ազդեցություն ունենալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, բայց դա, ըստ Կիրո Մանոյանի, ժամանակավոր ազդեցություն է, քանի որ Թուրքիան չի կարող դեմ գնալ իր շահերին. մի քանի ամիս նեղացածի կեցվածք կընդունի, ինչպես Ֆրանսիայի պարագայում էր, որովհետեւ աշխարհը հասկանում է, որ Թուրքիայի շանտաժները իշխանությունների ժամանակավոր կեցվածք են, այլ ոչ թե ռազմավարության փոփոխություն:

Իսկ ի՞նչ կտա ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի արտասանումը Հայոց ցեղասպաության ճանաչման հետագա գործընթացին: Այս հարցին ի պատասխան Կիրո Մանոյանը նշեց. «Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի գլխավոր նպատակը Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն է: Իսկ Թուրքիան ցույց է տվել, որ ինքը նման քայլերի կգնա արտաքին ճնշումների հետեւանքով: Օբամայի կողմից Ցեղասպանության ճանաչման վերահաստատումը թուրքական հասարակությանը կստիպի առնվազն ավելի լրջորեն ուսումասիրել իր պատմությունը: ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բոլոր մնացած պետություններին, որոնք խուսափում են ճանաչելուց, կստիպի ճանաչման համարձակություն ձեռք բերել: Ամերիկայի կողմից ճանաչումը Թուրքիայի վրա նաեւ ճնշում կլինի` Հայաստանի հետ ավելի լուրջ բանակցելու: Սա անմիջական քաղաքական, դիվանագիտական հետեւանքն է, որ կարող է ունենալ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը»:

Կիրո Մանոյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու. “Դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է, որով հարաբերություները կամրագրվեն եւ այդ հարաբերությունները իրավական հիմքի վրա է, որ սահմանի բացումը արժեք կունենա, այլապես առավոտը կբացեն, երեկոյան կփակեն, բայց դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է խնդիրը, որը Հայաստանին տալիս է քաղաքական հնարավորություններ նախքան տնտեսական որեւէ հարաբերությունների: Հարաբերություններ հաստատելու հիմնական նպատակը քաղաքականն է, այսինքն` Հայաստանը կունենա հարաբերություններ իր 4 հարեւաններից 3-ի հետ”:

Դաշնակցությունը մինչ ամսվա վերջ կառավարությանը կներկայացնի տնտեսական փաստաթուղթ, որում կառաջադրվեն քայլեր, որոնցով կկարողանանք պաշտպանել մեր տնտեսությունը մինչ սահմանի բացումը եւ դրանից հետո:

«ԵՐԿԻՐ»