ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Բարձր դատարանի հարգելի անդամներ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրություններում (հետայսու` արձանագրություններ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 եւ 102, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72 հոդվածների համաձայն` Սահմանադրական դատարանը միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.

2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչելու մասին:

Նպատակ ունենալով նպաստել Սահմանադրական դատարանի կողմից գործի հանգամանքները լիարժեք պարզելուն, ներկայացնում ենք իրավական ու քաղաքական անհրաժեշտ հիմնավորումները եւ ակնկալում, որ Բարձր դատարանը արձանագրություններով ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչելու մասին որոշում կկայացնի:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները ստանձնել էին պարտավորություն` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ինչը ենթադրում է առանց Հայաստանի կողմից հավելյալ պարտավորություններ ստանձնելու դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ 16 տարուց ավելի կիրառվող շրջափակման վերացում: Դա երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մեկնարկ կարող էր լինել: Մինչդեռ արձանագրություններում առկա են դրույթներ, որոնք հիմք են Հայաստանին ներկայացվող` Թուրքիայի երեք հիմնական նախապայմանների բավարարման համար: Այդ նախապայմանների միջոցով Թուրքիան նպատակ է հետապնդում՝

1. ձախողել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը.

2. ձեւավորել Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ գործող սահմանը ամրագրող իրավական հիմքեր.

3. փոխկապակցելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները՝ հասնել հիմնահարցի` Ադրբեջանին ձեռնտու լուծման:

Ակնհայտ է, որ թուրքական նախապայմանները կամ դրանց իրականացմանը նպաստող ցանկացած գործողություն (ներառյալ համաձայնություն, պարտավորության ստանձնում եւ այլն) չի բխում հայ ժողովրդի շահերից, հարվածում է Հայաստանի ինքնիշխանությանը եւ ուղղակի հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` Հայոց պետականության հիմնարար սկզբունքներին եւ համազգային նպատակներին:

Այսպես, ՀՀ Սահմանադրության անբաժանելի մաս հանդիսացող Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրն արձանագրում է. որ այն ընդունվում է «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում … զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»:

Հռչակագրի 11-րդ մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին», իսկ 12-րդ մասի համաձայն` «Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման … պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար»:

Փաստարկելով արձանագրություններում թուրքական նախապայմանների բավարարման համար անհրաժեշտ նախադրյալների առկայությունը՝ նշում ենք.

1. Անվիճելի է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման արձանագրության համաձայն ստեղծվելիք միջկառավարական հանձնաժողովի պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ձեւավորումն ու դրա կողմից քննարկման ենթակա հարցերի անհստակությունը օգտագործվում ու շահարկվում է Հայոց ցեղասպանության փաստը քննարման առարկա դարձնելու եւ դրանով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արգելակելու համար: Ավելին՝ ըստ այս արձանագրության, Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է, այսինքն՝ ստանձնում է պարտավորություն` իրականացնել պատմական ցանկացած իրադարձությանը, այդ թվում` Հայոց ցեղասպանությանը վերաբերող «փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրությամբ պատմական հարթության երկխոսություն` առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար»: Ըստ այդմ՝ Հայաստանը պարտավորվում է այս նպատակի համար ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողովի՝ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով:

Արձանագրության մեջ տեղ գտած այս ձեւակերպումները թույլ են տալիս այլոց կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչումը ներկայացնել որպես ոչ անկողմնակալ դիրքորոշման արդյունք, ինչպես նաեւ հնարավորություն են ընձեռնում կողմերին՝ արտահայտել տվյալ ենթահանձնաժողովի ստեղծման մտադրությունների վերաբերյալ տարակերպ տեսակետներ:

2. Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը [անվերապահ պարտավորությամբ] ճանաչում է Թուրքիայի հետ գործող սահմանը` «ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»:

Այս ձեւակերպումը չի որոշակիացնում, թե որ միջազգային պայմանագրերի մասին է խոսքը: Ավելին` անվիճարկելի է դարձնում Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանի հարցը եւ կանխորոշում է վեճերի հանգուցալուծումը:

Վստահաբար, Թուրքիան նկատի ունի 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի անօրինական պայմանագրերը, որոնք ապօրինի են ոչ միայն նրա համար, որ դրանց մասնակից չէ անկախ Հայաստանը, այլեւ այն պատճառով, որ դրանք, չվավերացվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, չեն կարող իրավական ուժ ունենալ: Մինչդեռ երկու երկրների միջեւ միջազգային իրավունքի գերակա սկզբունքին լիովին համապատասխան սահմանը որոշվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից ստացված հայցադիմումի հիման վրա կայացված իրավարար վճռով: Այդ սահմանը հաստատվել է միջազգային իրավարարությամբ, հետեւաբար՝ որպես դատական գործիք այն դեռեւս ուժի մեջ է:

Այսպես, միջազգային իրավունքը, մասնավորապես՝ Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածը, ամփոփել եւ ամրագրել է իրավարար վճիռների կարգավիճակը, որով ընդհանրապես չի նախատեսվում սահմանների որոշման հարցերով վճռի չեղյալ հայտարարում, ուստի այն չունի վաղեմության ժամկետ եւ այսօր էլ ուժը չի կորցրել:

Միեւնույն ժամանակ, երկու երկրների միջեւ սահմանների փոխադարձ ճանաչման` արձանագրությամբ ամրագրված նորմը, նսեմացնելով վերոհիշյալ իրավարար վճռի իրավական նշանակությունը, հնարավորություն է տալիս Թուրքիային՝ միջազգային համապատասխան կառույցներում դիմել էստոպելի կիրառմանը, այսինքն՝ փաստել, որ իրավատերը, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, իր գործողություններով կամ դրանց բացակայությամբ հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ:

3. Թեեւ արձանագրություններում ուղղակիորեն չի հիշատակվում Արցախյան հիմնահարցը, սակայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը ամրագրում է «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու եւ հարգումը երաշխավորելու» կողմերի հանձնառությունը: Միեւնույն ժամանակ, հիշատակելով Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված նորմերի մի մասը, չի ամրագրում դրանում թվարկվող՝ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալու, ժողովուրդների իրավահավասարության ու ինքորոշման իրավունքի սկզբունքները հարգելու հանձնառությունը:

Ընդ որում՝ կողմերը պարտավորվում են վկայակոչվող սկզբունքները գործադրել ոչ միայն երկկողմ, այլեւ միջազգային հարաբերություններում: Այսպիսով հիմք է ստեղծվում ի նպաստ Ադրբեջանի երկու գործընթացների փոխկապակցման համար:

Թուրքական երեք նախապայմանների իրականացման համար նախադրյալների ամրագրումից առաջացող պարտավորություններին զուգահեռ՝ Հայաստանը պարտավորվում է նաեւ ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց: Սրանով Թուրքիան լրացուցիչ երաշխիքներ է ձեռք բերում իր նախապայմանների հետագա անխափան իրականացման համար` կաշկանդելով Հայաստանի հնարավոր հակազդեցությունը եւ անհրաժեշտության դեպքում ներքաշելով նրան շարունակական վեճերի մեջ:

Ինչ վերաբերում է հայկական կողմի ներկայացրած մեկնաբանություններին եւ մոտեցումներին, ապա հարկ է արձանագրել, որ ՀՀ նախագահի 2009թ. հոկտեմբերի 10-ի ուղերձը, մատնանշելով առկա մտահոգությունները, այնուհանդերձ, միակողմանի քաղաքական փաստաթուղթ է եւ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի 31-րդ, 32-րդ եւ 33-րդ հոդվածների ուժով, որոնցով սահմանվում են միջազգային պայմանագրերի մեկնաբանման կանոնները, իրավական տեսակետից որեւէ ազդեցություն չի կարող ունենալ արձանագրությունների մեկնաբանման համար:

Թեեւ ՀՀ նախագահն իր ուղերձում նշում է, որ «եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները եւ դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր», հարկ ենք համարում ընդգծել, որ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ պայմանագիրը կարող է միակողմանիորեն դադարեցվել, սակայն նույն կոնվենցիայի 62-րդ հոդվածի համաձայն՝ հանգամանքների արմատական փոփոխությունը չի կարող վկայակոչվել որպես պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու հիմք, եթե պայմանագիրը որոշում է սահման՝ այն ըստ էության դարձնելով պայմանագրի առարկա:

Ընդ որում՝ դատական, արբիտրաժի կամ հաշտեցման կարգով, պայմանագրի անվավերության, դադարեցման կամ դրա գործողությունը կասեցնելու ընթացակարգերին վերաբերող կոնվենցիայի 66-րդ հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է վերապահում, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունն իրեն կապված չի համարում Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ. Վիեննայի կոնվենցիայի 66-րդ հոդվածի դրույթներով եւ հայտարարում է, որ Կոնվենցիայի 5-րդ բաժնի ցանկացած հոդվածի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջեւ ցանկացած վեճը Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի լուծմանը հանձնելու կամ հաշտարար հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է վեճի բոլոր մասնակիցների պարտադիր համաձայնությունը»:

Այլ կերպ ասած՝ ներկա ձեւակերպումներով, առանց անհրաժեշտ վերապահումների ձեւակերպման, արձանագրություններում ամրագրված դրույթների այլակերպ ընկալման հայկական կողմի ցանկությունը որեւէ էական դեր չի կարող ունենալ, քանի դեռ դրանք միակերպ ընկալելու վերաբերյալ համաձայնությունը չի տվել Թուրքիան:

Արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննարկման կարեւոր կողմերից մեկն էլ վերաբերում է նրան, թե պարտավորությունները ստանձնելիս արդյոք պահպանվե՞լ են ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 9-րդ մասի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթները: Վերլուծելով ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված գրավոր հարցապնդման վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարի տված գրավոր, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ լիագումար նիստում ներկայացրած բանավոր պատասխանները, ակնհայտ է դառնում, որ արձանագրությունների՝ իբրեւ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգը նախաձեռնելիս ոչ միայն չեն օգտագործվել նմանատիպ պայմանագրերի կնքման միջազգային պրակտիկայի ընձեռած հնարավորությունները, այլեւ չեն պահպանվել ՀՀ սահմանադրության եւ օրենքի պահանջները (գրավոր հարցապնդումը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի պատասխանը կցվում են):

Ընդհանրացնելով արձանագրություններով ստանձնած պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցի վերաբերյալ մեր տեսակետը՝ հարկ ենք համարում ընդգծել՝

1. Արձանագրություններն իրենց ներկա բովանդակությամբ դուրս են եկել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման առարկայի ու նպատակների շրջանակներից, ավելին` նախադրյալներ ստեղծելով թուրքական նախապայմանների բավարարման համար՝ դրանք դարձել են պայմանագրի առարկա:

2. «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրության առաջին մասի 3, 5, 6, 7, 8 պարբերություններում, «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության 2 թվագրված մասի երկրորդ պարբերությունում, ինչպես նաեւ 3 թվագրված մասում նշված պատմաբանների ենթահանձնաժողովի վերաբերյալ դրույթների առկա ձեւակերպումները թերի եւ ոչ հստակ լինելու պատճառով հակասում են ՀՀ Սահմանադրության նախաբանին եւ չեն համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ 5-րդ գլխի պահանջներին:

Բացի դրանից՝ արձանագրություններում տրված սույն կետում նշված ձեւակերպումները դիտարկելով ՀՀ Սահմանադրության այլ հոդվածների հետ համակարգային կապի մեջ՝ հարկ է փաստել, որ դրանք հակասում են նաեւ ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին, այն է` արտաքին քաղաքականության իրականացման փոխշահավետության սկզբունքին եւ 11-րդ հոդվածի երկրորդ մասին, այն է` հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը:

3. Արձանագրությունների կնքման կարգը եւ պայմանները չեն համապատասխանում «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին եւ հակասում են ՀՀ Սահմանդրության 83.5 հոդվածի 9-րդ մասին:

Առ այդ՝ նշված հակասությունները վերացնելու եւ հայ ժողովրդի շահերից բխող` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու նպատակով առաջարկում ենք արձանագրությունները ճանաչել Սահմանադրությանը չհամապատասխանող կամ մասնակի չհամապատասխանող, ինչը «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ուժով հիմք կհանդիսանա լրացուցիչ բանակցություններ վարելու կամ այդ հակասությունները վերացնելուն ուղղված եւ արձանագրությունների անբաժան մասը կազմող վերապահումներ կատարելու համար:

2010 թ. հունվարի 11-ի հանրահավաքի եւ երթի մասնակիցներ