Կիրո Մանոյան. «Հայաստան-Թուրքիա բանակցությունները դարձել են ճնշման լծակ Հայաստանի վրա Ղարաբաղի հարցով»

GiroManoyanԵրեւան (Երկիր) – Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումը պետք է դիտել հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահի` ռազմական սպառնալիքի համատեքստում: Դա սովորական ռազմատենչ հայտարարություն չէր, այլ ուղղակի սպառնալիք, որ եթե առաջընթաց չլինի, հրադադարը կխախտվի: Եվ թեեւ որպես Ալիեւին պատասխան` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, թե բանակցություններում առաջընթաց կար, բայց պաշտոնական հայտարարության մեջ չկար Ալիեւին զսպելու պատասխանը: Համանախագահների հայտարարությունն էլ ընդամենը բանակցությունները շարունակելուն էին ուղղված:

Ըստ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն, բայց բեկումնային առաջընթաց չեն ապահովի գոնե առաջիկա մեկ տարում: Դա կարելի է հասկանալ նաեւ համանախագահների հայտարարություններից:

Իհարկե, համանախագահները հայտարարեցին առաջընթացի մասին, բայց չասացին, թե ո’ր բնագավառում կա առաջընթաց, ո’ր հարցերն են քննարկվել: «Ուզում եմ հավատալ, որ հանդիպման չորս ժամից առաջին երկու ժամում խոսակցությունը ընթացել է նրա մասին, որ եթե այսպիսի սպառնալիքներով պետք է հանդես գա Ալիեւը, բանակցություններ չեն կարող տեղի ունենալ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կիրո Մանոյանը:

Բանախոսը անտրամաբանական ու անհամարժեք է համարում Ալիեւի սպառնալիքին նախագահի խոսնակի մակարդակով կեսբերան հակադարձումը: Սամվել Ֆարմանյանի հայտարարությունը, թե ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, Կ. Մանոյանը գնահատում է անբավարար պատասխան եւ նշում, որ ռազմական գործողությունների դեպքում մենք պետք է միացում հայտարարենք, ոչ թե ճանաչենք Արցախի անկախությունը: Անկախության ճանաչումը, ըստ նրա, պետք է ավելի վաղ լինի, այն օրը, երբ ակնհայտ դառնա բանակցությունների փակուղին: «Պետք է ավելի հեռուն նայելով՝ ավելի լուրջ խնդիրներ դնենք»,- նշեց դաշնակցական գործիչը:

Կ. Մանոյանը ճիշտ մոտեցում չի համարում մեր իշխանությունների գահատականները, թե Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները այդ երկրի ներքին սպառման համար են: «Ի՞նչ է նշանակում՝ ներքին սպառման համար են, եթե մենք էլ ենք լսում: Երբ ադրբեջանական մամուլն ասում է, որ հայերը համաձայնեցին մինչեւ նոր տարի Քելբաջարից դուրս գալ, պարզ է, որ մերոնց հավատալու շատ պատճառ ունենք: Բայց որ ասում է` եթե իմ ասածով չլինի՝ պատերազմ եմ սկսելու, չհավատալու պատճառ չունենք»,- նշում է Կիրո Մանոյանը` հավելելով, որ համարժեք պատասխան պետք է տրվի, եւ՝ ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլեւ քաղաքական ու քարոզչական դաշտում ակտիվ գործունեությամբ, որպեսզի միջազգային հանրության աչքին բացահայտորեն երեւա ագրեսորը:

Տարբեր բանակցային գործընթացներում թե’ Թուրքիայի, թե’ Ադրբեջանի հակահայ կեցվածքին հայկական կողմի ոչ համարժեք արձագանքը Կ. Մանոյանը բացատրում է նրանով, որ Հայաստանը միաժամանակ բանակցում է երրորդ կողմի` միջազգային հանրության աչքում լավ երեւալու համար:

Դաշնակցական գործչի կարծիքով՝ քանի որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո առաջին անգամ էին հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, վերջինիս ղեկավարը փորձեց ճնշում գործադրել` սպառնալով պատերազմով: Իհարկե, դա չի նշանակում, թե Ադրբեջանը կհարձակվի, սակայն նման հայտարարություններով աստիճանաբար այնքան ագրեսիվ կարող է դարձնել իր ժողովրդին, որ վաղը արդեն, հայտնվելով իր ստեղծած թակարդում, ստիպված լինի իսկապես հարձակվել: Առայժմ չի հարձակվում, որովհետեւ վստահ չէ իր հաղթանակին: «Եթե Ադրբեջանը այսօր 50 տոկոս հավանականություն ունենար, որ կհաղթի՝ կհարձակվեր: Չհարձակվելու հիմնական պատճառը այսօրվա իրական սահմաններն են, որոնք այդ հնարավորությունը չեն տալիս Ադրբեջանին»:

Ըստ բանախոսի` հայ-ադրբեջանական բանակցություններն այլ կերպ կընթանային, եթե Թուրքիան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ Ղարաբաղի հարցը չկապեր իրար: Հիմա Հայաստանի վրա ճնշում կա, որպեսզի արագ դրական տեսակետ հայտնի Ղարաբաղի հարցով հիմնարար սկզբունքներ կոչվածների նկատմամբ:

«Հայաստան-Թուրքիա բանակցությունները դարձել են ճնշման լծակ Հայաստանի վրա Ղարաբաղի հարցով»,- ընդգծեց Կ. Մանոյանը` կրկին բարձրաձայնելով ՀՅԴ տեսակետը, ըստ որի` քանի որ Թուրքիան խաղի կեսից փոխել է կանոնները, Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից կամ հայտարարի, որ դրանք տապալվել են: Բանախոսը նշեց, որ ժողովուրդն ինքը պետք է պարտադրի իշխանություններին՝ չգնալ վտանգավոր զիջումների: Իսկ որ թե’ Ղարաբաղի, թե’ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները կարգավորող` մեզ պարտադրված փաստաթղթերը ավելի շատ վտանգ են պարունակում, քան առաջընթաց՝ կասկածից վեր է: