Մենք այսօր ամենևին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ

SerzhSargsyan2

Հատված՝ ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից

Սիրելի’ հանրապետականներ,

Նախորդ համագումարին հաջորդած երկու տարիների ընթացքում ՀՀԿ-ն, իր ձևավորած իշխանության միջոցով, նաև ցուցադրել է, որ ի վիճակի է արդյունավետ լուծել մեր երկրի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները: Մենք մեր գործողություններով ապացուցել ենք, որ ցանկության և վճռականության դեպքում կարելի է առաջ շարժվել ցանկացած հարցում` նույնիսկ ամենացավոտ հարցերում:

Սա են վկայում Թուրքիայի հետ առանց նախապայմանների բնականոն միջպետական հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունը և այն զարգացումները, որ հետևեցին դրան: Այսօր, երբ արդեն ստորագրված են հայ-թուրքական արձանագրությունները, կարելի է վստահությամբ հայտարարել, որ թեև մենք դեռևս գտնվում ենք գործընթացի սկզբնամասում, և արձանագրությունները դեռևս պետք է վավերացվեն ու լիարժեքորեն կյանքի կոչվեն, միանշանակ է, որ մեզ հաջողվել է կոտրել սառույցը և զգալիորեն առաջ անցնել Թուրքիայի հետ հարաբերություններում: Սա անշուշտ կնպաստի թե’ մեր երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացմանը, թե’ տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Այժմ մենք հասել ենք մեր երկրների խորհրդարաններում արձանագրությունները վավերացնելու փուլին: Դա մի գործընթաց է, որում, ինչպես հայելու մեջ, պետք է արտացոլվի կողմերի լրջությունը, նրանց խոսքի արժանահավատությունը և պատասխանատվության զգացումը: Հայաստանն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները հարգող և պատշաճ կատարող երկիր է: Հուսով եմ` Թուրքիան էլ է առաջնորդվում այդ սկզբունքով:

Միաժամանակ կցանկանայի շեշտել, որ այստեղ գործում է «խելամիտ ժամկետներում» կոչվող սկզբունքը: Եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը, ապա, ինչպես արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր:

Միևնույն ժամանակ մեկ անգամ ևս շեշտում եմ, որ Հայաստանը պատրաստ է արդյունավետորեն շարունակել սկսված գործընթացը: Տեղեկացնում եմ, որ ես արդեն դիմել եմ Սահմանադրական դատարան` հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի ուզում եմ շեշտել. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում: Ընդհակառակը, վստահ եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում և ողջ աշխարհում:

Ունենալով արդարացի մտահոգություններ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ` մենք, այնուամենայնիվ, չպետք է վախենանք այդ պետության հետ հարաբերություններից, չպետք է ընկրկենք դժվարությունների առջև, չպետք է հետ կանգնենք համարձակ քայլեր կատարելուց: Հակառակը, մենք պետք է վճռականորեն շարունակենք մեր քաղաքականությունը, հաշվարկված և խելամիտ քայլերի միջոցով հասնելով մեր ազգային և պետական խնդիրների լուծմանը:

Համաձայն եմ` մենք երբեք չենք ունեցել Թուրքիայի հետ որպես հավասարը հավասարի հարաբերվելու քաղաքական մշակույթ և դիվանագիտական փորձ: Համաձայն եմ` Թուրքիան հզոր երկիր է` դիվանագիտական ուրույն ձեռագրով: Այս դիտարկումների հետ ես, անշուշտ, համաձայն եմ: Բայց կտրականապես համաձայն չեմ այն եզրակացության հետ, որ ոմանք կատարում են այս դիտարկումների հիման վրա. այն է` պետք է հեռու մնալ Թուրքիայից, որովհետև նա կարող է խաբել: Սխալ եզրակացություն է սա: Այո’, մենք չունենք թուրքերի հետ հարաբերվելու փորձ, բայց չէ՞ որ մի օր պետք է ի վերջո սկսել: Եվ ես հավատացնում եմ ձեզ` մենք արագ ենք սովորում… Եվ մենք այսօր ամենևին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ: