Նախագահի հետ համամի՞տ չեն

Դեկտեմբերի 7-ին մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը հաստատելիս կրկին ակնառու դարձավ մի փաստ: Հայ-թուրքական արձանագրություններից ոգեւորված մեր խորհրդարանական մեծամասնությունն այլեւս ընդունակ չէ որեւէ լուրջ քայլ անելու:

Մինչ ՀՀ նախագահը հայտարարում է, թե «ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը», իր ղեկավարած կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանում վախենում են քայլ անել, որը կարող էր ավելի համոզիչ դարձնել նախագահի հայտարարությունը:

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծով «Ժառանգություն» խմբակցությունը առաջարկում էր Ապրիլի 24-ը հիշատակել ոչ միայն որպես Հայոց ցեղասպանության օր, այլ նաեւ հայրենազրկման օր:

«Նախագահն իր ուղերձում էլ նշեց, որ չենք պատրաստվում վիճարկել ո՛չ Ցեղասպանությունը, ո՛չ հայրենազրկման գաղափարը, հետեւաբար ակնկալում եմ, որ մեր քվեարկությամբ հավանություն կտանք օրինագիծն օրակարգ մտցնելուն»,- ասաց պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով էլ` ամեն ցեղասպանություն չէ, որին հաջորդում է հայրենազրկում:

«Հայոց մեծ եղեռնը յուրահատուկ էր նաեւ նրանով, որ բնօրրանում ապրող հայ ժողովուրդը, որպես բնիկ տեղացի, զրկվեց նաեւ իր հայրենիքից: Այդ պարագայում ոչ թե ցեղասպանությունը արժեզրկվում է, այլ իրավական առումով նաեւ հետագայում հնարավորություն կլինի, որ որեւէ կասկած պետության ներսում չառաջանա, որ մենք ունեցել են հայրենազրկման խնդիր»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Եվ մինչ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանը բոլոր նախագծերը քվեարկելիս, առանց բացթողումների, քվեարկում էր նաեւ կողքի բացակա ՀՀԿ-ական պատգամավորի փոխարեն եւ այդ ընթացքում հասցնում նաեւ խորհրդարանական աշխատանքի «տաղտուկից» հոգնել ու քնել, նախագծի վերաբերյալ ձայն խնդրեց ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը: Նա վրդովված դիմեց իր գործընկերներին` ասելով, թե, ի տարբերություն դահլիճի մեծ մասի, ինքն ուշադրությամբ լսեց նախագիծը ներկայացնողների բոլոր ելույթները:

«Հիմնավորումները շատ համոզիչ էին, եւ առաջարկում եմ ներկաներին կողմ քվեարկել օրինագծին»,- հորդորեց Վ. Հովհաննիսյանը:
Սակայն խորհրդարանական մեծամասնությունը մերժեց նախագիծը, եւ այն չընդգրկվեց Աժ օրակարգում: Կողմ արտահայտվեց 27 պատգամավոր, դեմ` 59, ձեռնպահ` 3:

Նշենք, որ այս նախագիծը Աժ մշտական հանձնաժողովում քննարկելիս, կառավարության ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով օրինագծի ընդունումն աննպատակահարմար համարելու մասին կառավարության եզրակացությունը, իբրեւ հիմնավորում հայտնել է, որ 1988թ. նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է օրենք, որով Ապրիլի 24-ը հայտարարվել է սոսկ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ցեղասպանություն-հայրենազրկում կապի մասին մտորելիս, նա ոչ ավել, ոչ պակաս, հիշել է, որ «թաթարների դեպքում էլ եղել է հայրենազրկում, բայց ոչ ցեղասպանություն»:

Կ. ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

ԵՐԿԻՐ