Արձանագրությունները մերժելու տարբերակներ

VahanHovhannesyan20091214Երեւան (Երկիր) – ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացից հրաժարվելու եւ արձանագրությունների վավերացումը տապալելու մի քանի տարբերակներ է առաջարկում։

Այսօր Մամուլի ազգային ակումբում ներկայացնելով դրանք` Վ. Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի վրա արտաքին ճնշումներն այս հարցում կշարունակվեն: Դա ակնհայտ դարձավ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անմիջապես զանգահարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին արձանագրությունները չեղյալ հայտարարելու հավանականության մասին հայտարարությունից հետո։

«Այս ամբողջ գործընթացը ճնշումների արդյունք է, բայց եթե ՀՀ նախագահը որոշել է պինդ կանգնել մեր շահերը պաշտպանելիս, սա կարելի է միայն ողջունել»,- ասաց Վ. Հովհաննիսյանը՝ ներկայացնելով այն քայլերը, որ կարող է անել մեր երկիրը։

«Կարելի է հայտարարել, որ Թուրքիան խախտում է պայմանավորվածությունները, եւ կասեցնել գործընթացը։ Ճիշտ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման կարելի է վարվել. Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մենք ժողովրդավար երկիր ենք, եւ մեզ մոտ գործադիր իշխանությունը չի կարող կողմնորոշել կամ ճնշել օրենսդիրին արձանագրությունների վավերացման քվեարկության ժամանակ։ Եվ ուրեմն, պառլամենտը ազատ է քվեարկելու։ Իսկ ես վստահ եմ, որ եթե ազատ քվեարկություն լինի, արձանագրությունները չեն վավերացվի։ Բայց կա նաեւ այլ սցենար։ Հայաստանը կարող է առաջ քաշել վերապահումներ, որոնց հիմքը կարող է դրվել ՍԴ-ում։ Վերապահումներ ներկայացնել, որոնք ոչ թե կմերժեն ուղղակի այս բանակցային գործընթացում ծնված փաստաթղթերը, այլ կբարեփոխեն դրանք։ Եվ եթե Թուրքիան այդ բարեփոխումների հետ կհամաձայնի՝ լավ, եթե ոչ` բանակցությունները կսկսվեն ինչ-որ նոր փուլից»,- ասաց Վ. Հովհաննիսյանը` կարծիք հայտնելով, թե այնքան էլ լավատես չէ նման զարգացումների հարցում եւ վստահ է, որ ՀՀ իշխանությունների վրա դեռ լինելու են ճնշումներ։

Եթե անգամ Հայաստանի իշխանությունները հետ կանգնեն հայ-թուրքական արձանագրություններից, ապա Դաշնակցությունը չի վերադառնա կառավարող կոալիցիա: «Մի բանում մենք համոզվեցինք, որ մեր իշխանությունն ընդունակ է որոշումներ կայացնել առանց խորհրդակցության»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը` նկատի ունենալով գիշերային դիվանագիտության արդյունքում հրապարակված «ճանապարհային քարտեզը»։ Նրա խոսքով` քանի դեռ այդ գործելաոճը չի փոխվել, կոալիցիայի մասին խոսք չի կարող լինել: Բայց ընդհանուր հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունը Վահան Հովհաննիսյանը չի բացառում:

Իսկ արձանագրությունների վավերացումը կասեցնելու համար ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը, եւ 2010 թվականի հունվարի 12-ին, երբ արձանագրությունները կքննարկվեն ՍԴ-ում, նախատեսվում են բողոքի ցույցեր ու հանրահավաքներ։ «Սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագրությունների քննարկման օրը, իհարկե, հարմար չէ, քանի որ հետտոնական շրջան է, ու ժողովրդի մի մասը կարող է քաղաքական գործընթացների հետ առնչություն չունենալ, բայց դա այն հարցն է, որի դեպքում եղանակային կամ օրացուցային խնդիրները մղվում են հետին պլան»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

«ԵՐԿԻՐ»