Թուրքիան Հայաստանից բացատրություն է ակնկալում Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ

Davutoglu7Արման Հովհաննիսյան

Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը բացատրություն կներկայացնի հայ – թուրքական արձանագրությունների առնչությամբ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում վերահաստատել է պաշտոնական Անկարայի տեսակետը, ըստ որի` Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը «հակասում է արձանագրությունների տառին եւ ոգուն»:

«Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցում ինձ ասաց, որ [ՍԴ-ի] որոշումը չի ազդում արձանագրություններում նախապես համաձայնեցված կետերի վրա: Սակայն մենք ակնկալում ենք ավելի պարզ պատկեր, բացատրություն այդ առնչությամբ», – ասել է Դավութօղլուն:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ի որոշմամբ սահմանադրական է ճանաչել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ – թուրքական արձանագրությունները, սակայն միաժամանակ ընդգծել է, որ այդ փաստաթղթերի մեկնաբանությունը չի կարող հակասել Հայաստանի Անկախության հռչակագրին, որում անդրադարձ կա 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Բացի այդ, փոխանցում է «Ֆրանսպրես»-ը, Սահմանադրական դատարանը շեշտել է, որ արձանագրությունները չեն առնչվում որեւէ երրորդ կողմի` հակառակ հայ – թուրքական հաշտեցման գործընթացը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապելու Թուրքիայի փորձերի:

«Արձանագրությունների նպատակն է հավանություն տալ դրա բոլոր տարրերին իրենց ամբողջության մեջ` ներառյալ հանձնաժողովները», – ասել է Դավութօղլուն` ակնարկելով պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ արձանագրություններում ամրագրված դրույթը:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաեւ, թե «արձանագրությունների նկատմամբ սահմանափակումները, դրանք մասնատելու եւ որոշ մասերին մյուսների նկատմամբ առաջնայնություն տալու փորձերը չեն համապատասխանում արձանագրությունների էությանը եւ ոգուն»:

Դավութօղլուն հավելել է, որ հեռախոսազրույց է ունենալու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյի հետ եւ փոխանցելու է պաշտոնական Անկարայի մտահոգությունները գործընթացի առնչությամբ:

Դավութօղլուի այս հայտարարությունները հետեւել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի զգուշացմանը, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ջանքերը կարող են ձախողվել, եթե թուրքական կողմը շարունակի խոչընդոտել գործընթացը:

Մի թուրք դիվանագետ, որը ցանկացել է անհայտ մնալ, «Ֆրանսպրես»-ի հետ զրույցում Նալբանդյանի հայտարարությունը որակել է «անարդարացի մեղադրանք» եւ հավելել, թե պաշտոնական Անկարան Երեւանից ակնկալում է հավաստում, որ արձանագրությունների շրջանակը չի փոխվել:

«Եթե շրջանակը փոխվել է, ապա մեր խոսակցության առարկան կլինեն ոչ թե մեր ստորագրած համաձայնությունները, այլ ինչ-որ այլ բան», – հայտարարել է անանուն դիվանագետը:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայան